Իրավիճակը սահմանին լիովին վերահսկվում է. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահի դրությամբ և ԼՂՀ և ՀՀ սահմանագոտու ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Չկա որևէ լարվածություն: Այս մասին այսօր Տավուշում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովhաննիսյանը:
«Գիշերային ժամերին գրեթե ամեն օր կրակոցներ են լինում, իհարկե, շատ քիչ քանակությամբ: Դրանք ինչ-որ առումով նորմայի մեջ են և որևէ լարվածություն չեն նշանակում: Ընդհանուր առմամբ, այս պահին իրավիճակը հանգիստ է, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, հետևում են հակառակորդին»,- վստահեցրեց ՊՆ խոսնակը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք կոնկրետ Մարտունու շրջանում իրավիճակը վերահսկվո՞ւմ է:
Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան հիշեցրեց, որ ԼՂ Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունն անցած շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ հակառակորդի կողմից եղել են կրակոցներ, այդ թվում նաև ոչ սովորական հրաձգային զենքերից:
«Սակայն դա լարվածության բարձր աստիճան չէ, և պետք չէ սրանք իրար հետ խառնել: Եթե ոմանց համար մեկ կրակոցը լուրջ լարում է, ապա մենք վաղուց ընտելացել ենք դրան և բազմիցս մեկնաբանել ենք: Մեկ-երկու կրակոց՝ անգամ ոչ հրաձգային զենքերով, լարում չի նշանակում, իսկ ՊԲ-ն, եթե լարման մասին խոսք է լինում, համապատասխան ներկայացնում է։ Ինչ վերաբերում է նախորդ օրերին վիրավորված երկու զինծառայողներին, ապա ՊԲ-ն անհրաժեշտություն չի գտել այդ մասին հայտնելու. ուրեմն դրա անհրաժեշտությունը չի եղել, և պետք չէ փորձել ինքնանպատակ սարքել ինչ-որ բան հայտնելը»:










