Ադրբեջանը միջին աշխատավարձի ցուցանիշով զիջում է Վրաստանին և Հայաստանին. Աշխատանքի միջազգային կազմակերպություն

10:16 • 02.12.16

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում միջին աշխատավարձն ամենացածրներից է 71 երկրների շրջանում, որոնց վերաբերյալ տվյալների է տիրապետում կազմակերպությունը, գրում է contact.az-ը:


InvestorScholl.ru կայքի համաձայն՝ ամենաբարձր միջին աշխատավարձը Լյուքսեմբուրգում է՝ ամսական 3.722 դոլար:


Ադրբեջանն ամենավերջին տեղերից մեկում է՝ 303 դոլարով՝ զիջելով Վրաստանին և Հայաստանին, որոնք զբաղեցնում են, համապատասխանաբար, 55-րդ և 57-րդ տեղերը՝ 430 և 404 դոլար աշխատավարձով:


Ադրբեջանի ցուցանիշը ցածր է անգամ աֆրիկյան ու ասիական մի շարք երկրների ցուցանիշներից։ Ադրբեջանից վատ է իրավիճակը Մոլդովայում, Մոնղոլիայում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Սիրիայում: 


Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որի նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խթանումը: Հիմնադրված լինելով 1919 թ.՝ 1946 թ. ԱՄԿ-ն դարձավ ՄԱԿ-ի առաջին մասնագիտացված գործակալությունը: ԱՄԿ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում` Ժնևում: