Որ քաղաքական ուժերն են համագումար անցկացնելու՝ ընտրություններին ընդառաջ

20:44 • 02.12.16

2017թ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական կուսակցությունները համագումարներ են անցկացնելու։ Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչ համագումարներ են անցկացվելու առաջիկայում:

Հիշեցնենք, որ առաջին համագումարն անցկացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ նոյեմբերի 26-ին: 

Դեկտեմբերի 17-ին համագումար կանցկացնի «Հայ ազգային կոնգրեսը»:

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը համագումար կանցկացնի դեկտեմբերի 22-ին, ինչի մասին Tert.am-ին հայտնեց ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանը:

Նորաստեղծ «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը համագումար կանցկացնի դեկտեմբերի 23-ին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը Tert.am-ին հայտնեց, որ նախատեսված է համագումար անցկացնել դեկտեմբերի վերջ-հունվարի սկիզբ ժամանակահատվածում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ին հայտնեց, որ համագումար կանցկացնեն փետրվարի կեսերից հետո։

Հարցին, թե ինչո՞ւ այդքան ուշ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք այդպես ենք որոշել, և համագումարին միանգամից համամասնական ցուցակը կհաստատենք»:

«Համախմբում»-ից Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ դեռ համագումարի անցկացման մասին որոշում չկա: «Մինչև ընտրությունները կանենք»,-ասաց նա:

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանն էլ ասաց, որ դեռ համագումար անցկացնելու որոշում չունեն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ ԼՀ-ում նախատեսված չէ համագումար:

«Մեր համագումարը եղել է անցած տարի դեկտեմբերի 12-ին, և ըստ կանոնադրության՝ հերթական համագումարը պետք է լինի հաջորդ տարի: Եթե կարիք լինի արտահերթի, կանենք, բայց կարծում եմ` դրա կարիքը չի լինի»,-ասաց ԼՀ նախագահը: