Ֆրանսիացուն դատապարտել են 2 տարվա ազատազրկման ԻՊ-ին առնչվող կայքեր այցելելու համար

21:44 • 02.12.16

Ֆրանսիայի քաղաքացուն, ում անունը չի հաղորդվում, դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչվող վեբկայքերը հաճախակի այցելելու համար:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, մեղադրյալը պետք է նաև 30 000 եվրոյի չափով տուգանք վճարի: Ոստիկանությունն ընդգծում է, որ հետաքննությունը հիմքեր չունի ենթադրելու, որ այդ մարդը ծրագրել է ահաբեկչություններ կատարել:

Դատապարտյալը պնդում է, որ այդ կայքերն այցելել է հասկանալու համար, թե որն է տարբերությունն «իրական» և «կեղծ» իսլամի միջև: Նա խոստովանել է, որ երկու տարի շարունակ այցելել է միայն ԻՊ-ի հետ ասոցացվող կայքերը և չի փորձել տեղեկատվություն փնտրել այլ գաղափարական ուղղվածության կայքերում:

Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ուշադրությունը մեղադրյալը գրավել է, երբ իրավապահները հետևել են մեկ այլ մարդու, ով բնակվելիս է եղել նույն թաղամասում: