Իրանը մտադիր է դադարեցնել ԱՄՆ-ից ապրանքների ներմուծումը՝ իր դեմ պատժամիջոցների երկարաձգմանն ի պատասխան
Իրանցի խորհրդարանականներն ամերիկյան ապրանքների ներկրման արգելքի մասին օրենքի նախագիծ են պատրաստել՝ Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգմանն ի պատասխան: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանում աղբյուրի:
«Մեջլիսի անդամներն օրենքի նախագիծ են պատրաստել, որը կարգելի (Թեհրանի կողմից) ամեն տեսակի ամերիկյան սպառողական ապրանքների գնումը: Դա պատասխան է Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԱՄՆ Սենատի որոշմանը»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը կդրվի խորհրդարանի քվեարկության:
Նախօրեին ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ օրենքի նախագիծ է ընդունել, որով տասը տարով երկարաձգվում են Իրանի դեմ պատժամիջոցները: Այժմ փաստաթուղթը կուղարկվի նախագահ Բարաք Օբամային, որն, ինչպես սպասվում է, կստորագրի այն մինչև հունվարի 20-ին իր պաշտոնից հեռանալը:
Իրանի՝ միջուկային զենք ստեղծել թույլ չտալու համար էներգետիկ արդյունաբերության դեմ ուղղված պատժամիջոցների գործողության ժամկետը սպառվում էր 2016 թվականի դեկտեմբերին: Չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ավելի վաղ ձեռքբերված համաձայնությանը՝ Կոնգրեսը և նախագահը կցանկանային օրենքն ուժի մեջ թողնել պատժամիջոցները վերադարձնելու հնարավորություն ունենալու համար, եթե ԱՄՆ-ն կարծի, որ Իրանը խախտում է համաձայնությունը:
Թեհրանում արդեն հայտարարել են, որ Վաշինգտոնն ինքն է խախտել միջուկային գործարքը՝ երկարաձգելով պատժամիջոցները:










