ՀՀ-ԵՄ համաձայնագրի ձգձգման պատճառը ՌԴ ոչ բացահայտ քաղաքական ճնշումն է. Անուշ Սեդրակյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ձգձգման պատճառը տեսնում է Ռուսաստանի քաղաքական ճնշումների մեջ, որոնք, իհարկե, բացահայտ չեն, սակայն ակնհայտ է համարում, որ այդ ճնշումների ալիքները հասնում են Հայաստան:
«Ռուսները հասկանում են, որ իրենց տնտեսական դեգրադացիայի պարագայում Ռուսաստանի կայսրությունն ամեն վայրկյան կարող է կանգնել և՛ փլուզման, և՛ խոշոր վտանգների առաջ, և չեն ցանկանում, որ Հայաստանն ունենա այլընտրանք: Դա իրենց համար բնական է, սակայն անբնական է, որ Հայաստանը դա չի ցանկանում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե ներկայիս փոփոխությունները ՀՀ-ԵՄ համաձայնագրի օգտին չեն խոսում:
Ի դեպ, Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով վերջերս կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին, ասաց, որ պետք էր համագումարին այդ թեման մանրամասն շոշափվեր, սակայն, ցավոք, բեկումնային անդրադարձեր չեղան, և ոչ մի առաջխաղացում չնշվեց։
«Տեսնում եք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, և Թուրքիայի մուտքը Սիրիա, Ռուսաստանի անհասկանալի դիրքորոշումը, Ամերիկայում կատարվող իրադարձություններն օբյեկտիվորեն հասկանալի են դարձնում, որ առանց ՀՀ-ԵՄ համաձայնագրի Հայաստանը չի կարող գոյատևել իբրև պետություն: Սակայն ես որևէ դրական առաջխաղացում և որևէ պոզիտիվ ելք Հայաստանի համար չեմ տեսնում»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ գնալով չի աճում՝ կապված
Ամերիկայի գեոպոլիտիկ վեկտորի փոփոխության հետ:
«Իմ կարծիքով՝ Եվրոպան ներքին համախմբման խնդիր ունի և հիմա ոչ թե ընդլայնվելու և իր ազդեցությունը տարածելու թիրախ է ընտրել, այլ իր ներքին ռեսուրսները համախմբելու. եվրոպական բոլոր լիդերների հայտարարության մեջ այդ մտավախությունն ակնհայտ է:
Անուշ Սեդրակյանը նշեց, որ Թուրքիայի՝ Սիրիա մտնելը ցույց տվեց, որ իր ձեռքերը լրիվ ազատված են, քանի Ամերիկան անտարբեր է, Եվրոպան զբաղված է իր ներքին հարցերով, և անկայուն տարածաշրջանը գնալով դառնում է ավելի անկայուն:
Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների սառեցմանը, ապա նա ասաց. «Մենք հասկանում ենք, որ Եվրոպական միությունը ցանկանում է իրեն ապահովագրել տարբեր տիպի անկանխատեսելի դիկտատուրաներից, որոնցից մեկը նաև Թուրքիան է, որովհետև հայտնի չէ, թե ինչպես կպահի իրեն Թուրքիան: Երկրորդը՝ մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանը պայթյունավտանգից դարձել է արդեն պայթյունային, և ամեն ձևով պետք է շահագրգռված լինենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու մեջ, ոչ թե սառեցնենք մեր հարաբերությունները»։
Չնայած դրան՝ Անուշ Սեդրակյանը գտնում է, որ անվտանգության բաղադրիչով բոլոր համաձայնագրերը փուչ են դուրս եկել, մասնավորապես՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, և դրա համար անվտանգության բաղադրիչով որևէ համագործակցություն պայմանավորելը կեղծ գրավական է համարում:
«Հայաստանը պետք է շահագրգռված լինի և ցույց տա, որ ինքը վստահելի գործընկեր է, ոչ թե հակառակը: Ժողովրդավար երկրների քաղաքականությունն ունի մեծ առավելություն, այն կանխատեսելի է և արդյունավետ ու օգտակար է այդ երկրում ապրող քաղաքացու համար»,-ասաց նա:










