Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահի աշխատանքն իր պատկերացրածից շատ ավելի բարդ է
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ում երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին, անկեղծորեն ասել է, որ նախագահի աշխատանքն իրականում շատ ավելի բարդ է, քան ինքը մինչ այդ պատկերացնում էր:
Հայտնի է, որ այս մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը՝ USA Today–ին տված հարցազրույցում:
«Նա ինձ ասաց. «Սա իրականում շատ ավելի բարդ գործ է, քան ես պատկերացնում էի, սակայն ես միայն ուրախ եմ դրա համար: Քեզ տրվում է ահռելի իշխանություն, այդ ամենը կենտրոնացած է Օվալաձև աշխատասենյակում, և այն քոնն է»»,-Թրամփի խոսքերը մեջբերել է Գինգրիչը:
Նշենք, որ նորընտիր նախագահն այժմ զբաղված է իր թիմի ձևավորմամբ: Հայտնի է, որ 70-ամյա միլիարդատերը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում մտադիր է նշանակել Ծովային հետևազորի կորպուսի նախկին գեներալ 66-ամյա Ջեյմս Մեթիսին:










