Բրիտանացիներն առաջարկում են ավտոմոբիլային երթևեկությունը ստորգետնյա խողովակային ցանց տեղափոխել (լուսանկարներ)
Լոնդոնյան PLP Architecture ընկերությունը պատրաստել է նախագիծ, որի իրականացման դեպքում ինքնակառավարման համակարգով համալրված մեքենաները կկարողանան երթևեկել գետնի տակ կառուցված հատուկ խողովակաշարերի միջով:
Ինչպես նշում է motor.ru-ն, Cartube անվանումը ստացած ստորգետնյա խողովակների ցանցը, ըստ մասնագետների, կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան գերարագընթաց երկաթուղիները, որոնք այժմ կառուցվում են Լոնդոնում:
Ենթադրվում է, որ ստորգետնյա խողովակներով երթևեկելու հնարավորություն են ունենալու միայն անձնական օգտագործման մեքենաները, այլ ոչ թե հանրային տրանսպորտը:
PLP Architecture-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ներկայում խոշոր քաղաքներում հրատապ խնդիրներից է փողոցների գերծանրաբեռնվածությունը, ուստի՝ Cartube-ը կարող է հիանալի այլընտրանք լինել:
Նշվում է, որ Cartube-ում մեքենաները կկարողանան շարժվել մոտ 65 կմ/ժ արագությամբ: Ակնկալվում է, որ 1 ժամում ցանցով կերթևեկի 40.000 ուղևոր:
Ներկայում ընկերությունը ներդրողների է փնտրում հավակնոտ նախագծի իրականացման համար:












