7 մլն դոլար. LaFerrari-ն դարձել է 21-րդ դարում արտադրված և աճուրդով վաճառված ամենաթանկ մեքենան

16:10 • 05.12.16

Իտալական Ferrari մեքենաշինական ընկերության LaFerrari հիբրիդային սուպերքարը ճանաչվել է 21-րդ դարում արտադրված և աճուրդի միջոցով վաճառված ամենաթանկ մեքենան:


Ինչպես հայտնում է motor.ru-ն, RM Sothebyʼs աճուրդի տունը շքեղ փոխադրամիջոցը, որը, ի դեպ, ստեղծվել էր բարեգործական նպատակով, վաճառել է 7 մլն դոլարով: Նշվում է, որ ստացված հասույթն ուղղվելու է այս տարի Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժածներին:


Աղբյուրը մանրամասնում է, որ վաճառված նմուշը Ferrari-ի LaFerrari շարքի վերջին՝ 500-րդ էքսկլյուզիվ օրինակն է:


Նշվում է, որ լյուքս դասի մեքենայի վաճառքը տևել է ընդամենը 10 րոպե: Արդյունքում այն վաճառվել է 5 անգամ ավելի թանկ, քան մինչ այդ կանխատեսել էին աճուրդի կազմակերպիչները:


Ինչ վերաբերում է նմուշի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 800 ձիաուժ հզորությամբ V12 բենզինային, ինչպես նաև 120 կիլովատանոց էլեկտրական շարժիչներով: Հայտնի է, որ մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:

 

 

 

7 մլն դոլար. LaFerrari-ն դարձել է 21-րդ դարում արտադրված և աճուրդով վաճառված ամենաթանկ մեքենան