Aston Martin-ի և Red Bull-ի համատեղ հիպերքարերը վաճառվել են պրեմիերայից 3 տարի առաջ (լուսանկարներ)
Մեքենաշինական Aston Martin և էներգետիկ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող Red Bull ընկերությունների համատեղ արտադրության AM-RB 001 հիպերքարի ճանապարհային տարբերակի ողջ խմբաքանակը վաճառվել է նախնական պատվերների միջոցով:
Այս մասին ասվում է Aston Martin-ի թվիթերյան էջում:
Հայտնի է, որ հիպերքարն արտադրվելու է 150 օրինակով:
Հետաքրքրական է այն փաստը, որ մեքենաներն ամբողջությամբ սպառվել են նախքան պրեմիերան, որը կայանալու է 3 տարի հետո:
Հիշեցնենք, որ ընկերությունները համատեղ մեքենայի ստեղծման մասին հայտարարել էին մարտին, իսկ նախնական օրինակը ցուցադրվել է ամռանը:
Ինչ վերաբերում է սպասվելիք նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված կլինի 7 լ աշխատանքային ծավալով, 1.000 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 0-320 կմ/ժ արագություն կզարգացնի 10 վայրկյանում: Մինչդեռ նման արագության դեպքում միանգամից կանգ առնելու համար կպահանջվի 5 վայրկյան: Հայտնի է նաև, որ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը կգերազանցի 400 կմ/ժ-ն:
Նշվում է, որ AM-RB 001-ի նախնական վճարը 635.000 դոլար է, իսկ ամբողջական գինը՝ մոտ 3 մլն դոլար: Մեքենայի առաջին օրինակներն իրենց պատվիրատուներին կառաքվեն 2019թ.:













