ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպելու նախնական համաձայնություն են տվել՝ «անպտուղ» վարքագծի քննարկման համար

21:12 • 08.12.16

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի նախաձեռնությամբ՝ Վեհաժողովի Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև տեղի կունենա հանդիպում: Tert.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ երկու պատվիրակություններն էլ հանդիպելու նախնական համաձայնություն տվել են:

«Նախնական նախաձեռնություն է, Ագրամունտը դեռևս պետք է քայլեր նախաձեռնի, որ հանդիպումն իրականություն դառնա, ամեն դեպքում՝ մենք նախնական համաձայնություն տվել ենք»,- ասաց Նաղդալյանը:

Հանդիպման առիթը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պատվիրակությունների հայտարարություններն են, որոնք ԵԽԽՎ լիագումար նիստում երբեմն արվում են անգամ ոչ քննարկվող թեմայի շրջանակներում, երբեմն հասնում են վիճաբանության:

Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ ԵԽԽՎ-ում ԼՂՀ հիմնահարցի քննարկումը օգտակար չէ հակամարտության կարգավորմանը: «Ադրբեջանական լոբբիստները հայտարարություններ են անում՝ ներքաղաքական խնդիրների լուծման համար, շոուներ են կազմակերպում, բայց բուն խնդրի կարգավորմանը նման միջոցները օգուտներ չեն տալիս: Իսկ Հայաստանը միջազգային նման հարթակներում այլ աշխատելաոճ է նախընտրում, այն է՝ առանձին աշխատանք պատգամավորների հետ՝ ճիշտ տեղեկատվություն ապահովելու համար, որ նրանք իմանան, թե ինչպիսին է կոնֆլիկտի պատմությունը, ինչ զարգացումներ են եղել, ինչ է կատարվում հիմա»,- մանրամասնեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը:

Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ ժամանակին ՀՀ-ն նման նախաձեռնության հանդես եկել է, «անպտուղ պահվածքը ավելի կոռեկտ աշխատանքային ոճով փոխարինելու» կոչ է արել: «Խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ մնացած քայլերը վնասում են բանակցային գործընթացին: Սա է մեր մոտեցումը, հիմա կարծես այս մոտեցմանը մոտեցել են նաև ադրբեջանական պատվիրակները»,- նշեց Նաղդալյանը: