Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախկին նախարարը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման

17:38 • 08.12.16

Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, հաղորդում է Associated Press-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դատավճիռը կայացրել է Փարիզյան դատարանը. Կայուզակը դատապարտվել է հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով: Դատարանի կայացրած որոշման համաձայն` Կայուզակն «արտակարգ և ծայրահեղ ծանր» խախտումներ է արել:

Նշվում է, որ նախկին նախարարն ու նրա` երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված կինը խոստովանել են, որ 20 տարի շարունակ օգտագործել են անօրինական օտարերկրյա հաշիվներ: Ներկա պահի դրությամբ նրանք արդեն 2,3 միլիոն եվրո գումարի չափով հարկային պարտք են մուծել:

Դատախազության տարբերակի համաձայն` Կայուզակը հարկային մարմիններից ընդհանուր առմամբ 3,5 միլիոն եվրո գումարի չափով եկամուտ է թաքցրել: