Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի (լուսանկարներ)
Ինդոնեզական Սումատրա կղզու Աչե շրջանում երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը զգալիորեն ավելացել է՝ 54-ից հասնելով 97-ի: Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանց թիվը ևս ավելացել է` 536-ից հասնելով 620-ի:
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ինդոնեզացի փրկարարներին և ոստիկաններին, 6.5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով 7.400 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
Տարերային աղետից առավելագույնը տուժած հատվածներում իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայրում ստորգետնյա ցնցումները դեռևս շարունակվում են, ուստի՝ բնակիչների մեծ մասը վախենում է վերադառնալ տուն:
Հայտնի է, որ երեկվա երկրաշարժից հետո Աչեում գրանցվել է 100-ից ավելի ստորգետնյա ցնցում, որից 5-ն ունեցել են 5 մագնիտուդ ուժգնություն:















