Հայաստանում ՃՈ-ի փոխարեն ներդրվում է ամերիկյան մոդելը, տարբեր ֆունկցիաներ իրականացնող ոստիկան չի լինելու. Նիկոլայ Բաղդասարյան

18:37 • 08.12.16

Հայաստանում ճանապարհային ոստիկանություն հասկացությունը կվերանա, կստեղծվեն քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ: Այս մասին այսօր խորհրդարանում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Նոր մոդելի կիրառման, ճանապարհային ոստիկանության ոլորտում բարեփոխումների, ինչպես նաև գործող օրենքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, ոստիկանությունը նոր մոդել է ներդնելու ճանապարհային ոստիկանության փոխարեն: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Գոյություն ունեն պետություններ, որտեղ որոշ համակարգեր շատ արդյունավետ են գործում, և կան պետություններ, որտեղ շատ արդյունավետ են գործում ճիշտ հակառակ համակարգերը: Ցանկալի կլիներ, որ Հայաստանում նման մոդել ներդնելիս հասկանային, թե տվյալ մոդելը որ պետությունում ինչպես է աշխատում, այդ մոդելն ամբողջությա՞մբ ենք վերցնում, թե՞ ոչ: Փոխոստիկանապետի ներկայացրած մոդելը տասնյակ տարիներ է, ինչ գործում է ԱՄՆ-ում, որտեղ կա այլ հասկացողություն. առանձին ավտոտեսուչ, որը զբաղվում է միայն ճանապարհային երթևեկությամբ, գոյություն չունի, տարբեր ֆունկցիաներ իրականացնող ոստիկան չկա: Գլխավոր մայրուղիների վրա կան ոստիկաններ, միջքաղաքային ճանապարհների վրա ևս, որոնք զբաղվում են բոլոր հարցերով, այդ թվում նաև երթևեկության կարգավորման:

- Ի՞նչ մոդել է սա, ո՞ր երկրում է գործում:

-Սա ամերիկյան մոդելն է: ԱՄՆ-ում այն բավականին արդյունավետ է գործում, և Հայաստանում ցանկանում են նույն մոդելը ներդնել: Այնտեղ նաև կան քաղաքացիական հարցերով զբաղվող ոստիկաններ, որոնք ենթարկվում են ոչ թե ոստիկանությանն, այլ տեղական ինքնակառավարման մարմնին:

-Հայաստանում այդ ոլորտում նորամուծություններ արվել են, ինչո՞ւ ինչ-որ բան չի ստացվում, և նոր մոդելների ներմուծման անհրաժեշտություն առաջանում:

-Խնդիրն այն է, որ հնարավոր չէ վերցնել ամբողջ մոդելից մի փոքր մասնիկ, ներդնել Հայաստանում և ակնկալել, որ դա կաշխատի: Այդպես է արվում, հետո ասվում է՝ դա սխալ էր, բերեք այլ մոդել փորձարկենք: Սա այն սխալն է, որ մենք հետևողականորեն թույլ ենք տալիս: Այս դեպքում էլ, եթե մոդելի մի մասնիկը վերցնեք, բացի լրացուցիչ ծախսերից ու համազգեստի փոփոխությունից, հասարակությունն այլ փոփոխություններ չի զգա: Ի վերջո, մենք հիմա ունենք մասնագիտացված ճանապարհային ոստիկանություն։ Այդ մասնագիտացված մարդկանց հանում են, ընդհանուր ոլորտը սպասարկող ոստիկանների են նշանակում: Այդտեղ է ռեսուրսի հարցն առաջանում: Բացի դրանից՝ այլ հարց էլ է առաջանում. դրա արդյունքում ի՞նչ է փոխվելու, որ հիմա չկա, և արդյոք այդ մոդելը կտա՞ այդ փոփոխությունը:Ի վերջո, չի կարելի անել բարեփոխում՝ բարեփոխման համար:

-Պարոն Բաղդասարյան, եթե Ճանապարհային ոստիկանությունն աշխատի այսօր սահմանված օրենքներով, կլինի՞ այդ բարեփոխման կարիքը:

-Ամենայն անկեղծությամբ ասեմ՝ Հայաստանում եթե ինչ-որ լավ բան եղել է, դա ճանապարհային ոստիկանությունն է: Ամբողջ համակարգը որ ուսումնասիրենք, ամենադրական փոփոխությունը տեսել եմ ճանապարհային ոստիկանությունում, ինչն էլ ուզում են վերացնել, փոխել: ՃՈ-ում և՛ մտածելակերպի, և՛ աշխատաոճի առումով իրականում փոփոխություն տեղի ունեցել է: Սա որպես այդ ոլորտում աշխատած փաստաբան ու վարորդ եմ ասում: