Samsung Galaxy S6-ը ծխահարվել է Թայվան ուղևորվող ինքնաթիռում
Samsung Galaxy S6 սմարթֆոնը ծխահարվել է China Airlines ավիաընկերության ինքնաթիռում՝ Պալաուից Թայվան չվերթի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ մասին հայտարարել է ավիաընկերությունը:
Հեռախոսից սկսել է ծուխ դուրս գալ, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Մանիլայի վրայով: Անձնակազմի անդամները սմարթֆոնը սառույցով դույլի մեջ են դրել:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, չվերթը չեղյալ չի հայտարարվել, իսկ ինքնաթիռը վայրէջք է կատարել ճիշտ ժամանակին: Հաղորդվում է, որ Թայվանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը գովասանքի խոսքեր է հայտնել China Airlines-ին միջադեպի կարգավորման հարցում ճիշտ որոշում ընդունելու համար:
Հոկտեմբերի սկզբին Samsung Electronics-ը հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ մարտկոցների բռնկվելու դեպքերից հետո: Մինչ այդ ընկերությունը հայտարարել է նաև սմարթֆոնների վաճառքի և փոխանակման ժամանակավոր դադարեցման մասին: Որոշումը կայացվել էր իշխանության համապատասխան մարմինների հետ խորհրդակցություններից հետո:










