Մեծ Բրիտանիայի վարչապետին քննադատել են թանկարժեք հագուկապի համար

16:47 • 08.12.16

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր թանկարժեք հագուստի ու կոշիկների պատճառով հայտնվել է լրագրողների քննադատության թիրախում:


Ինչպես հայտնում է euromag.ru-ն, լրագրողները կին ղեկավարին մեղադրել են երկակի չափանիշների կիրառման համար: Նրանք, մասնավորապես, նկատել են, որ վարչապետը խոսում է ժողովրդին մոտ լինելու կարևորություն մասին, սակայն, միևնույն ժամանակ, կրում է շատ թանկ հագուստ:


Աղբյուրը մանրամասնում է, որ լրագրողների զայրույթը շարժել է այն փաստը, որ Մեյը Sunday Times-ի համար արված ֆոտոշարքում կրել է 1.120 եվրո արժողությամբ կաշվե տաբատ և 410 եվրո արժողությամբ կոշիկներ:


Բացի այդ, վարչապետն իր հարցազրույցում նշել է, որ Սուրբ Ծննդի համար նախընտրում է ավանդական հնդկահավի փոխարեն ավելի թանկարժեք թռչնամիս եփել:


Բոլոր մեղադրանքներին ի պատասխան Մեյն ասել է, որ հագուստի ու թռչնամսի ընտրությունը դեռևս չի նշանակում, որ ինքը չի հասկանում ժողովրդի խնդիրները: