Թրամփը Նյու Յորքում հանդիպել է Լեոնարդո Դի Կապրիոյին

13:06 • 08.12.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում գտնվող Trump Tower-ում հանդիպել է օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյին՝ քննարկելու համար բնապահպանությանն առնչվող մի շարք հարցեր:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, Դի Կապրիոն հանդիպմանը ներկայացել է իր բնապահպանական հիմնադրամի՝ Leonardo DiCaprio Foundation-ի (LDF) ղեկավար Թերի Թամինենի հետ:


Ավելի ուշ Թամինենը լրագրողներին տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ 70-ամյա միլիարդատերն ու դերասանը քննարկել են մաքուր էներգիայի արտադրության ոլորտը զարգացնելու դեպքում միլիոնավոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները:


Միացյալ Նահանգների ապագա ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Դի Կապրիոն Թրամփի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, թե ԱՄՆ տնտեսությունը որքան օգուտ կստանա մաքուր էներգիայի ոլորտի զարգացման դեպքում:


Հայտնի է, որ նախքան այդ դերասանը հանդիպել էր նորընտիր նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, ու քննարկել էկոլոգիային առնչվող հարցեր: