Twitter-ի ղեկավարը Թրամփի՝ իր միկրոբլոգը վարելու ձևն «աննախադեպ» է անվանել

12:06 • 08.12.16

Twitter սոցկայքի համահիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր թվիթերյան միկրոբլոգը վարելու ձևն «աննախադեպ» է անվանել:


«Նախկինում ես երբեք նման բան չեմ տեսել: Անշուշտ, մենք գնում ենք դեպի նոր աշխարհ, որտեղ բոլոր իրադարձությունները տեսանելի են, ու մենք իրական ժամանակում հետևում ենք դրանց ու քննարկում»,-մեջբերում է USA Today-ը Դորսիի խոսքերը:


Նա նաև հավելել է, որ «իրարամերժ զգացողություններ» է ունենում այն հարցում, որ Թրամփը թվիթերյան միկրոբլոգն օգտագործում է իր ընդդիմախոսներին քննադատելու համար:


Մինչդեռ ինքը՝ Թրամփը, նշել է, որ Twitter-ում խոսում է շատ կարևոր բաների մասին:


«Դրա միջոցով իմ ասածները շատ ավելի արագ են տեղ հասնում, քան մամուլի հաղորդագրությունները: Բացի այդ, ասածներիս բովանդակությունը չի աղավաղվում, ինչը պատահում է անազնիվ լրագրողների դեպքում»,-ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը:


Աղբյուրը նկատում է, որ ներկայում Թրամփն իր միկրոբլոգն օգտագործում է ապագա ծրագրերի հայտարարման, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ սեփական քննադատությունը հայտնելու համար՝ այդպիսով՝ իր էջը վերածելով «թվային հարթակի»:

Twitter-ի ղեկավարը Թրամփի՝ իր միկրոբլոգը վարելու ձևն «աննախադեպ» է անվանել