«Ադրա ռեմարը» դեռ չի գնել «Աշտարակ կաթը». աշխատակիցների պարտքերը կտան  շուկան վերականգնելուց հետո

22:03 • 09.12.16

Ամերիկյան «Ադրա ռեմարը» ընկերությունը դեռ «Աշտարակ կաթի» գնման կամ վարձակալության պայմանագիր չի կնքել: «Գույքագրումը քանի դեռ չի ավարտվել, ոչ կարող ենք վերջնական վարձակալության պայմանագիր կնքել, ոչ գնել: Ընկերությունը շատ մեծ է, 200-ից ավելի շարժական միջոցներ կան, սարքավորումներ, առք ու վաճառքի պայմանագիրը դեռ չի կնքվել»,- այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աշտարակ կաթ» առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը, որը «Ադրա Ռեմար» ամերիկյան ընկերության ներկայացուցիչն է:

Ըստ նրա՝ «Աշտարակ կաթ» ընկերությունն այս պահին փորձում է վերականգնել նախկին ծավալները շուկայում, որից հետո կանդրադառնա աշխատակիցների կուտակված աշխատավարձերի պարտքի փակմանը:

«Հիմա ամեն ինչ նորմալ է, անարատ կաթ մթերում ենք, արտադրանք ենք տալիս, պատրաստվում ենք Ամանորին»,-ասաց Ավագյանը՝ հավելելով, որ իրենք կրկին կաթի մթերումներ են կատարում գյուղացիներից ու լայն ծավալով վերսկսել են արտադրությունը: «Գյուղացիների պարտքի մասով անհատական պայմանավորվածություն ենք ձեռք բերում բոլորի հետ, ու մեծ մասի հետ արդեն ունենք պայմանավորվածություններ, արդեն իրենք կաթը նորից բերում են, մթերումը սկսել ենք, պայմանավորվել ենք իրար հետ: Առաջիկա 15-20 օրվա մեջ կարող եմ հանգիստ հայտարարություն անել, որ բոլոր գյուղացիների հետ պայմանավորվել ենք»,-ասաց Ավագյանը:

Ինչ վերաբերում է գործարանի աշխատակիցների մոտ 5 ամսվա չվճարված աշխատավարձերին, ապա Ավագյանի պնդմամբ՝ «աշխատավարձերի մասով աշխատակիցները, հասկանալով իրավիճակը, շատ մեծ համբերատարությամբ սպասում են, որ մենք ամբողջ իրավիճակին տիրապետենք ու իրենք հարցի լուծումները տանք»: Դա մոտավորապես ե՞րբ կլինի հարցին ի պատասխան, Ավագյանն ասաց, թե չի կարող ասել: «Շուկան կվերականգնենք ու կանցնենք իրենց հարցին՝ աշխատավարձերի մասով: Այժմ վերջնական հաշվարկներ ենք անում»:

Ավագյանի պնդմամբ՝ իրենց ղեկավարության ժամանակահատվածում գործարանում աշխատածներն արդեն իսկ աշխատավարձ ստացել են: «Ընդամենը 15 օր ենք աշխատել, արդեն աշխատակիցները ստացել են աշխատավարձ»: Թե կոնկրետ որքան աշխատակից ունեն այս պահին՝ Ավագյանը դժվարացավ ասել: