Կամավորներն ուզում են նոր Թալիշ հիմնադրել. դիմում են ՊՆ-ին ու հանրությանը
Մի շարք նախկին ազատամարտիկներ ու հրամանատարներ դիմել են ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով, որպեսզի նրանց հնարավորություն տրվի գնալ Թալիշում ծառայություն իրականացնել ու վերականգնել Թալիշը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
«Մեր մոտ էստեղ ազատամարտիկներ են հավաքվում, ուզում են միանան Պաշտպանության նախարարությանն ու որպես կամավոր գնան՝ Թալիշում ծառայեն ու ապրեն: Ժամանակ է պետք, ու պետք է թույլատրեն պետական մակարդակով, որ էդ մարդիկ գնան էնտեղ: Նրանց մեջ է Արցախից հայտնի հրամանատար Արկադի Կարապետյանը, էլի շատ հայտնի ազատամարտիկներ կան»,- ասաց Տեր Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին այդ առթիվ «Թալիշ» ՀԿ է ստեղծվում: Նաև ազատամարտիկները առաջիկայում մամուլով հայտարարություն են անելու ու սկսեն հավաքագրել նոր կամավորների:
«Այսօր մի քանի ուղղություններով են կամավորներ հավաքագրվում, նաև՝ Դաշնակցությունն է կամավորներ հավաքում: Շատերն են գալիս էստեղ, ուզում են գնան Ղարաբաղ՝ սահմանում նոր գյուղեր հիմնադրեն ու Նոր Թալիշ»,- ասաց նա։










