Այսօր ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օրն է

10:39 • 09.12.16

Դեկտեմբերի 9-ին նշվում է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, հայտնում է calend.ru-ն՝   մանրամասնելով, որ օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից սահմանվել է 2015թ.՝ Հայաստանի նախաձեռնությամբ:


Աղբյուրը նկատում է, որ դեկտեմբերի 9-ը պատահականության սկզբունքով չի ընտրվել. 1948թ. այս օրը ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դրա պատժման մասին կոնվենցիան։


Կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը բնորոշվում է որպես «միտումնավոր գործողություն՝ ուղղված որևէ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասամբ վերացնելուն»:


Կենվենցիայում նշվում է, որ ցեղասպանությունը՝ անկախ նրանից, թե երբ է իրականացվում՝ խաղաղ, թե պատերազմական գործողությունների ժամանակ, միջազգային իրավունքի նորմերը խախտող հանցագործություն է, որի դեմ կոնվենցիայի մասնակիցները պարտավոր են կանխարգելիչ գործողություններ իրականացնել ու պատժել:


Ցեղասպանության կանխման ու դադարեցման գլխավոր պատասխանատվությունը կրում է այն պետությունը, որում իրագործվում է հանցագործությունը: Փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ ցեղասպանության կանխման հարցում կարևորագույն գործոններից է այդ հանցագործության անպատժելիության դեմ պայքարը:


Անցում կատարելով Հայոց ցեղասպանության թեմային՝ calend.ru-ն նշում է, որ 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն են ճանաչվել բազմաթիվ պետությունների, Եվրախորհրդարանի ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:


Աղբյուրը նկատում է, որ ժամանակակից աշխարհում ևս ցեղասպանությունը շարունակում է գլոբալ սպառնալիք մնալ մարդկության համար: