Հունգարիայում փակել են ապօրինի ներգաղթյալների գլխավոր ճամբարը

12:37 • 09.12.16

Հունգարիայի իշխանությունները հայտարարված ժամկետից երեք շաբաթ առաջ փակել են Բուդապեշտից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բիչքե քաղաքի ճամբարը, որում ապօրինի ներգաղթյալներ էին ապրում:

BBC-ի հաղորդմամբ` ճամբարում մնացած փախստականներին մեկ ժամ է տրվել այն լքելու համար: Ներգաղթյալների մի մասն ուղարկվել է Ավստրիայի սահմանին գտնվող վրանային ճամբար, ևս մի մասը` Բուդապեշտում անօթևանների ապաստարան:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, բախվելով Հունգարիայի տարածքով Հյուսիսային Եվրոպայի ավելի բարեկեցիկ երկրներ տեղաշարժվող փախստականների հոսքին, 2015 թվականի ամառվանից խոստացել է երկրի սահմանները փակել ապօրինի ներգաղթյալների համար և նախաձեռնել բալկանյան երկրների սահմանների երկայնքով ցանկապատի կառուցումը:

Նշվում է, որ Բիչքե քաղաքի ճամբարը բացվել է 1990 թվականին և նախատեսված է եղել հարևան Ռումինիայից փախուստի դիմած էթնիկ հունգարացիների ընդունելության համար: