ԻՊ-ի մինչև 1.750 անդամ վերադարձել է Եվրոպա՝ հարձակումներ իրականացնելու հրահանգով. ԵՄ զեկույց

15:03 • 09.12.16

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մինչև 1.750 անդամ վերադարձել է Եվրոպա՝ հարձակումներ իրականացնելու հրահանգով: Այդ մասին նախազգուշացնում է ԵՄ-ի զեկույցը, որը Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Ժիլ դե Կերշովն ուրբաթ կներկայացնի ԵՄ ներքին գործերի նախարարներին, գրում է The Daily Mail-ը:


Զեկույցի համաձայն՝ մոտ 5.000 եվրոպացի է ուղևորվել Սիրիա և Իրաք, և նրանցից 15-20 տոկոսը զոհվել է պատերազմի դաշտում: Մինչև 35 տոկոսը վերադարձել է՝ նրանց մի մասն ունենալով «հատուկ առաքելություն», իսկ 50 տոկոսը մնում է պատերազմի դաշտում: Սիրիայում և Իրաքում մնացող եվրոպացիների թիվը 2.000-2.500 է:


Զեկույցում նշվում է, որ վերադարձող ջիհադականները կապ են պահպանում Միջին Արևելքում գտնվող ԻՊ-ի ներկայացուցիչների հետ սոցիալական ցանցերի միջոցով: