Մասնակցելու ենք սեփական ընդլայնված ցուցակով, որում ներառված են քաղաքական ուժեր, անհատ գործիչներ. Խ. Քոքոբելյանը «սյուրպրիզներ» է խոստանում
Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է կուսակցության ընդլայնված ընտրացուցակով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք մասնակցելու ենք սեփական, ընդլայնված, լայն կոնսոլիդացված ցուցակով: Բնականաբար, քաղաքական դաշտում կոնսուլտացիաներ եղել են, հիմա էլ կան, որոնց ժամանակ քննարկվել է միայն մեկ խնդիր, այսինքն՝ մենք ներկայացնելու ենք մեր սեփական ցուցակը»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
Պատգամավորն ասաց, որ ցուցակը լի է լինելու անակնկալներով, ընդգրկված են լինելու քաղաքական գործիչներ, որոնք ԱԴ անդամներ չեն, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:
«Այս մասին ես խոսել եմ դեռևս 3 ամիս առաջ: Ես շատ հարգանքով եմ վերաբերում իմ այն գործընկերներին, ովքեր գործում են այս դաշտում, սա ամենևին չի նշանակում, որ մենք մրցելու ենք ոչ մրցակցային կանոններով»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Քոքոբելյանն ասաց, որ շատ շուտով «սյուրպրիզներով լի» ցուցակը կհրապարակվի և բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները:
Ինչ վերաբերում է լուրերին, թե «Համախմբում» կուսակցության հետ համախմբման փորձ արվեց, բայց Վարդան Օսկանյանը հրաժարվեց դրանից, ապա Քոքոբելյանը հերքեց՝ ասելով, որ նման բանակցություն չի եղել:
Փոխարենը, Խ. Քոքոբելյանը չհերքեց, որ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ բանակցություններ եղել են ու կան: Իսկ այն հարցին, թե փաստորեն, միասնական ցուցակով չե՞ն մասնակցի, Քոքոբելյանը պատասխանեց. «Սա կլինի ցուցակ, որը ոչ միայն մերն է, այլև մարդկանցը, այն ուժերինը, ովքեր ներկայացված են այդ ցուցակում»: Պատգամավորն անուններ չհնչեցրեց, չնշեց, թե որ քաղաքական ուժերն ու որ անհատ հասարակական-քաղաքական գործիչներն են ընդգրկված իրենց ցուցակում և, բայց շեշտեց, որ իրենց նպատակն ԱԺ մուտք գործելը չէ, այլ՝ ազատական դաշտը կայացնելը:
«Հստակ կարող եմ ասել, որ այդ կոնսոլիդացիան, միավորումը, տեղի է ունենալու բացառապես աշխարհաքաղաքական ուղղվածության հիմքում, որտեղ ենք տեսնում Հայաստանը 10 տարի հետո: Ակնհայտ է, որ Եվրամիության: Միայն նման միավորումն է, որ կենսունակ է մարտահրավերներին դիմակայելու համար»,- ընդգծեց Խաչատուր Քոքոբելյանը:










