Հայաստանը շահագրգռված է Իսպանիայի հետ համագործակցության զարգացմամբ. Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի ԱԳ նախարարի հետ
ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում դեկտեմբերի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ:
Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Ալֆոնսո Դաստիսին` Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Իսպանիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ։
Զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, իրավապայմանագրային դաշտի ընլայնումը։
Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքին, շեշտվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։
Իսպանացի գործընկերոջ խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։
Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով՝ Էդվարդ Նալբանդյանը Իսպանիայի արտգործնախարարին հրավիրել է այցելել Հայաստան:










