Հրվ. Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրի նախագահի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու օգտին

12:21 • 09.12.16

Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահ Պակ Կըն Հեի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելուն: Որոշմանը կողմ է քվեարկել 300-ից 234 պատգամավոր:

Korrespondent-ը գրում է, որ այժմ Պակ Կըն Հեի ճակատագիրը կորոշի Սահմանադրական դատարանը, և տվյալ գործի քննումը կզբաղեցնի առնվազն 180 օր: Նախագահը ժամանակավորապես կհեռացվի իր պաշտոնից, իսկ նրա պարտականությունները կկատարի վարչապետը:

Նշվում է, որ Հարավային Կորեայի նոր նախագահական ընտրությունները կանցկացվեն գործող նախագահի պաշտոնաթող լինելուց 60 օր անց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Կորեայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Սեուլ քաղաքի կենտրոն և պահանջել երկրի նախագահի հրաժարականը:


Պակ Կըն Հեի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու պատճառը նրա և նրա ընկերուհու շուրջ առաջացած խոշոր կոռուպցիոն սկանդալն է։ Նախագահի մտերիմ ընկերուհի Չխվե Սուն Սիլին մեղադրում են նախագահի վրա իր ազդեցությունն օգտագործելու համար՝ անձնական շահ ստանալու նպատակով: