ԱՄՆ-ն չեղարկել է Սիրիայում իր դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի չեղարկել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներին զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարման ֆորմալ սահմանափակումները: ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին ուղղված համապատասխան հուշագիրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշվում է փաստաթղթում, նախագահը չեղյալ է հայտարարում ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող երկիր՝ Սիրիա «ռազմական սարքավորումների մատակարարման» և ֆինանսավորման գործող արգելքները: Հատկանշական է, որ «ռազմական սարքավորումներն», ամերիկյան օրենսդրության համաձայն, ներառում են փաստացիորեն ռազմական նշանակության ցանկացած արտադրանք:
Նման օգնություն տրամադրելու համար պետքարտուղարը և պաշտպանության նախարարը պետք է Կոնգրեսում ներկայացնեն մանրամասն տեղեկատվություն և ստանան դրա հավանությունը:










