ԵԱՀԿ-ում ԼՂ շփման գծում դիտորդների տեղակայման վայրի վերաբերյալ անհամաձայնության պատճառը Ադրբեջանն է. Սերգեյ Մարկով

22:01 • 10.12.16

Ադրբեջանի համար ձեռնտու չէ Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայումը, սա է պատճառը, որ առաքելության տեղակայման վայրի վերաբերյալ ԵԱՀԿ-ում համաձայնության չեն կարողանում գալ:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե այս հարցում դեռևս հաջողության հասնել չի հաջողվում:

«Հայաստանի ղեկավարությունը հակամարտության կարգավորումն է շեշտադրում, իսկ ադրբեջանական կողմն, ընդհակառակը, հակամարտության սառեցմանն է կողմնակից: Սա է պատճառը, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություններ նախաձեռնելու, որպեսզի կարգավորման առաջընթաց տեղի չունենա»,- նշեց Սերգեյ Մարկովը:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն իր ուժի շնորհիվ փորձում է պարտադրել, որ իրավիճակն ի օգուտ իրեն աշխատի, իսկ ներկայիս դրությունը, Մարկովի համոզմամբ, ամենևին էլ նրանց կողմից չէ:

«Ադրբեջանը ներկայացնում է փաթեթային լուծում, նրանք համարում են, որ դիտորդների տեղակայումը փաթեթային լուծման շրջանակներում պետք է լինի, որը ենթադրում է նաև տարածքային կարգավորում: Բայց, քանի որ այս հարցում չկա համաձայնություն, Ադրբեջանը ստիպված է դեմ դուրս գալ դիտորդական առաքելության տեղակայմանը»,- մանրամասնեց ռուսաստանցի քաղաքագետը:

Սերգեյ Մարկովը ենթադրեց, որ, ամենայն հավանականությամբ, դիտորդական առաքելության վայրը պիտի լինի շփման գոտին:

Իսկ հարցին՝ դիտորդների թիվը 7-ից 12-ն ընդլայնելն ի՞նչ է տալու գործընթացին, Ս. Մարկովը պատասխանեց, որ դա աննշան թիվ է, որ շփման գծում մեծ դիտորդական առաքելություն սահմանի: