Մաղարիչն օրինականացնելու մասին նախարարի մոգոնած գաղափարն անհեթեթ է. ԱՆ նախկին նախարար
Բժիշկներին շնորհակալություն հայտնելու, այլ կերպ՝ «մաղարիչների» ավանդույթը լեգալիզացնելու մասին գաղափարի շուրջ քննարկումն անհեթեթ է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ ենթադրելով, որ հավանաբար Առողջապահության նոր նախարարն է այս գաղափարը «մոգոնել»:
«Մաղարիչը ստվեր է, ոնց ուզում եք ասեք, եթե փողի տեսքով է: Սա վերացնելու նպատակով ՀՀ-ում վաղուց ի վեր մտցվեց վճարովի ծառայությունը, որ ովքեր պետական պատվերի շրջանակներում չեն ընկնում, վճարեն ու բուժօգնության ծառայություններ ստանան: Մի քանի տարի առաջ ներմուծվեց նաև համավճարը, կա կամավոր ապահովագրություն և այլն: Հիմա մի հատ մտածել են, թե մաղարիչը լեգալիզացնեն, էս ի՞նչ է, ի՞նչ հասկացություն ա, աշխարհում սենց բան չկա»,- ասաց Արարատ Մկրտչյանը:
Նախկին նախարարը նոր նախարարին հռետորական հարց տվեց՝ սա՞ է առողջապահության համակարգի ամենակարևոր խնդիրը, ուրիշ կարևոր հարց չկա՞:
Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում իսպառ բացակայում է առողջապահության զարգացման ռազմավարությունը: «Երկար ու ձիգ տարիներ չենք հասկանում, թե ինչ առողջապահություն ունենք: Խորհրդային համակարգի փլուզումից հետո ցաքուցրիվ են մոտեցումները, պարզ չէ՝ շուկայական հարաբերություններ ենք ուզում, բնակչության առողջապահությունն ենք ուզում պահել, հիվանդ ենք ուզում բուժել… Հնարավոր չի հասկանալ՝ սրանից որն է մեզ համար կարևոր»,- նշեց Մկրտչյանը՝ շեշտելով, որ ծրագրից էլ հասկանալի չէ՝ որ ուղղությամբ է գնում առողջապահությունը, որովհետև այն բարի ցանկությունների փաթեթ է:
Վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ գնային շուկան ուսումնասիրելու վերաբերյալ, նախկին նախարարի համոզմամբ, հասկանալի չէ: Մկրտչյանն ասաց, որ վարչապետը պետք է հանձնարարեր առաջնահերթությունները առանձնացնել ու դրանք քննարկել, հասկանալ, թե ինչից է մահանում քաղաքացին, ինչ է պետք անել, որ մահացության ցուցանիշը նվազի:
«Առաջին հերթին այս խնդիրները պետք է լինեն, դեղը կարող է երկրորդային, երրորդային լինի… Սա ժամանակի ու ֆինանսական միջոցների կորուստ է, ասենք գնացին ուսումնասիրեցին՝ հետո, ի՞նչ… Սա բնակչության առողջապահության վրա էական ազդեցություն չի ունենա: Ես միտում եմ տեսնում առողջապահության համակարգի կոմերցերիզացիայի՝ բնակչության առողջապահության պահպանման փոխարեն»,- մանրամասնեց Արարատ Մկրտչյանը:
Վերջինս ընդգծեց, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած առողջապահության հանդեպ վստահության վերականգնումից, պետական պատվերի արդյունավետության բարձրացում, մինչև մենեջմենթի կիրառում, գիտելիքների խորացում:
«Առողջապահությունից թանկ բան չկա, դա իրոք անգնահատելի է: Մարդիկ սեղան են նստում ամեն առիթի ժամանակ առողջության կենացն են խմում, բայց պահը գալիս է, որ արժևորենք, ասում ենք, որ պիտի բուժումն անվճար լինի: Պետությունը չի տալիս, բա ո՞վ պետք է վճարի: Գնում ենք շուկա, մեքենա ենք ուզում գնել,վճարում ենք, բա հիվանդանոց գնալուց ինչո՞ւ ենք անվճար բուժօգնություն պահանջում»,- շեշտեց Մկրտչյանը:
Առողջապահության նախկին նախարարը նկատեց, որ նախարարությունում գիտելիքի պակաս կա, ինչն էլ առողջապահության համակարգի կառավարելիությանը խոչընդոտում է: «Մտեք մի հատ հարցրեք՝ ո՞րն է մահացության ու մահաբերության տարբերությունը, հիվանդություն-հիվանդերություն տերմինների տարբերությունը: Ողջ նախարարությունով ման գաք, ոչ մեկ ձեզ չի պատասխանի, չէ, մի հոգի կպատասխանի, բայց նախարարը չէ, Մելիք Նուբարյանը, ով լուրջ տեսական ու գործնական գիտելիքներ ունի: Հիմա ընդեղ նստացնում են՝ մրցույթ են անում, ով տեքստը արագ կտպի, ով կհավաքի, էս ա…»,- մանրամասնեց Արարատ Մկրտչյանը:










