Իսրայելում սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի «գտնել» մահացած բարեկամներին
Իսրայելի կրոնի նախարարությունը մահացած բարեկամների գերեզմանները որոնելու համար պիլոտային ծրագիր է մեկնարկել: Գերեզմանի գտնվելու վայրի մասին կարելի է իմանալ սմարթֆոնի համար նախատեսված հատուկ Waze հավելվածի օգնությամբ կամ գերեզմանոցի մուտքի մոտ գտնվող տեղեկատվական կրպակներում, որտեղ կարելի է մանրամասն քարտեզ ստանալ և այդպիսով գտնել անհրաժեշտ գերեզմանը:
Life-ի հաղորդմամբ` պիլոտային ծրագիրն արդեն իրականացվել է Իսրայելի հյուսիսում գտնվող Թել-Ռեգև գերեզմանոցում: Նախարարությունը պլանավորում է մինչև 2017 թվականի ավարտը ծրագրի մեջ ներառել երկրի գերեզմանոցների մոտ կեսը:
«Մենք հասկացել ենք, որ երիտասարդ սերունդներն ունեն այդ տեղեկությունների կարիքը, քանի որ թոռներն ու ծոռները հաճախ չգիտեն, թե որտեղ է գտնվում մահացածի գերեզմանը», - ասել է Իսրայելի կրոնի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Լիոր Աշքենազին:










