«Ոսկե գլոբուս»-ի ժյուրիից պահանջել են վերադարձնել Թոմ Ֆորդից ստացած թանկարժեք նվերները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի ժյուրիի կազմում ներառված որոշ լրագրողներից պահանջել են վերադարձնել հայտնի դիզայներ և ռեժիսոր Թոմ Ֆորդից ստացած թանկարժեք օծանելիքներն այն բանից հետո, երբ նրա «Գիշերվա մեջ» (Nocturnal Animals) հոգեբանական թրիլերը ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի 3 անվանակարգում:
Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, խոսքն Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի լրագրողների մասին է, որոնց, գործող օրենքների համաձայն, արգելվում է 95 դոլարը գերազանցող արժեքավոր նվերներ ընդունել: Մինչդեռ Ֆորդի տված օծանելիքներն արժեն մի քանի հարյուր դոլար:
Այժմ լրագրողները պարտավոր են վերադարձնել օծանելիքը:
Նշենք, որ Ֆորդի նկարահանած ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս-2017»-ի «Երկրորդ պլանի լավագույն դեր», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 8-ին ՝ Լոս Անջելեսում:










