Համացանցում հրապարակվել է Գալուստյանի՝ Կադիրովին նմանակելու փորձի տեսագրությունը (տեսանյութ)
Այսօր YouTube կայքում հրապարակվել է տեսանյութ, որում ներկայացված է՝ ինչպես է հայ հումորիստ Միխայիլ Գալուստյանն «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) հոբելյանական երեկոյի ժամանակ ունեցած հայտնի ելույթից առաջ փորձ անում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին նման տղամարդու հետ:
Մոտ 2 րոպե տևողությամբ տեսանյութում Գալուստյանը կարդում է չեչեն ղեկավարին նմանակելու ելույթի նախապես գրված տեքստը՝ մինչդեռ Կադիրովին նման տղամարդը նրան լսում է ու մերթընդմերթ ծիծաղում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Գալուստյանի նմանակումը դարձել էր «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) հոբելյանական երեկոյի ամենահիշարժան պահերից մեկը:
«Ես ու Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք արել, հագուստ ընտրել, երկու-երեք ժեստ սովորել: Ակցենտի հետ ամեն ինչ կարգին է եղել: Այս հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որ չստիպի հանդիսատեսին լարվել՝ փորձելով կռահել, թե ում է նա նմանակում (կատակում եմ): Շատ լավ է ստացվել»,-ելույթից հետո VK սոցցանցի իր էջում գրել էր Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը ասել էր նաև, որ ինքը սրտանց ծիծաղել է. «Կապ չունի՝ ում գաղափարն էր. Գալուստյանը կարճ, բովանդակալից, լակոնիկ և պարոդիկ է եղել»:










