Շենգավիթի դատավորի դատական նիստը հետաձգվեց. գործով ամբաստանյալ փաստաբանը հանրային պաշտպանի կարիք ունի

17:28 • 15.12.16

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ:

Դատավոր Մարդանյանը պաշտպանական կողմին հայտնեց, որ Դատախազությունից գրություն է ստացել այն մասին, որ մեղադրող դատախազի լիազորությունները փոխանցվել են Կարեն Բիշարյանին:

Այնուհետև դատարանը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց, որովհետև պաշտպանական կողմը ցանկացավ ծանոթանալ Դատախազության գրության հետ:

Դատական նիստի վերսկսումից հետո Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն ասաց, որ գրության մեջ հղում է կատարվել Դատախազության մասին օրենքի 26 հոդվածի 1-ին մասին, որում ասվում է, որ Կարեն Բիշարյանը լիազորվել է դատախազի լիազորություններով:

Վարդուհի Էլբեկյանի խոսքով՝ մեղադրող դատախազը պատշաճ կարգով չի լիազորվել. «Գլխավոր դատախազը պետք է ներկայանար դատական նիստին, և իր հետ որպես երկրորդ մեղադրող պետք է ներգրավեր Կարեն Բիշարյանին կամ ցանկացած այլ մեղադրողի»:

Դատարանն այդտեղ օրենքի խախտում չնկատեց և շարունակեց դատական նիստը:

Գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանը դատարանին հայտնեց, որ հրաժարվում է իր պաշտպան Գևորգ Շիրինյանից և միջնորդություն է ներկայացնում իրեն հանրային պաշտպան տրամադրելու համար:

Ի դեպ, բացի իր 3 պաշտպաններից, Իշխան Բարսեղյանը ներգրավել էր ևս մեկ պաշտպանի՝ Կարեն Ղազարյանին:

Էլզա Զաքարյանին հանրային պաշտպան տրամադրելու համար դատարանը սահմանված ընթացակարգով պետք է դիմի Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ: Այդ պատճառով դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը: Դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 23-ին:

Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը:

Դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպաններն են նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, Լիաննա Գրիգորյանը, Վարդուհի Էլբակյանն ու Կարեն Ղազարյան: