Պայմանական վաղաժամկետ ազատման կարգում փոփոխության հարցը բարձրացվել է կոռուպցիոն ռիսկերի նվազման և համաներում չհայտարարելու համար. փաստաբան
Պայմանական վաղաժամկետ ազատման կարգում փոփոխություններ մտցնելու հարցը բարձրացվել է երկու խնդրի կարգավորման համար՝ կոռուպցիոն ռիսկերի նվազման և համաներում չհայտարարելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ անդրադառնալով դատապարտյալների վաղաժամկետ ազատման համակարգում կատարվելիք փոփոխություններին, որոնք կներկայացվեն կառավարությանը և ԱԺ-ին՝ վերջնական քննարկումներից հետո:
«Չնայած պայմանական վաղաժամկետ ազատման հարցի շուրջ փոփոխությունները դեռևս քննարկման փուլում են, սակայն իրենց մեջ վտանգ են պարունակում: Առաջարկվող փոփոխության համաձայն՝ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը կկայացվի առանց ՔԿՀ-ի ղեկավարության համաձայնության: Սակայն, այստեղ վտանգ կա, որովհետև ՔԿՀ-ն է տեղյակ, թե ինչպես է իր պատիժը կրել տվյալ դատապարտյալը: Նոր առաջարկվող նախագծով ՔԿՀ-ի ի վարչակազմի համաձայնության կետը հանվում է»,-ասաց Հարությունյանը:
Փաստաբանի խոսքով՝ դա արվում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, որովհետև հնարավոր է, որ ՔԿՀ-ին, ենթադրաբար, գումար կարող է վճարվել և պայմանական ազատ արձակվել:
Փաստաբանը նաև հայտնեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը կարող է պայմանավորված լինել համաներում չհայտարարելու հետ.«Երկու տարի է խոսվում է համաներման մասին և համաներում չի հայտարարվում: Հիմա բարձրացվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, որպեսզի այս ճանապարհով դատապարտյալները դիմեն իրենց վաղաժամկետ ազատման համար: Այստեղ քաղաքական իշխանության որոշակի խաղեր կան»:










