Մեկնարկել է երևանյան գետնանցումում $1000 կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի դատավարությունը

15:18 • 15.12.16

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ:

Կողմերը առարկություն չհայտնեցին լրագրողներին՝ տեսագրել և ձայնագրել դատական նիստերի ընթացքը։

Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի ( կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:

Արդարադատության խորհուրդը Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն էր տվել, նա այժմ գտնվում է կալանքի տակ:

Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը:

Դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպաններն են նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, Լիաննա Գրիգորյանն ու Վարդուհի Էլբակյանը:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի 3-րդ կետը սահմանում է կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: