ՌԴ հատուկ ծառայությունները Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկում պայթուցիկ սարք են վնասազերծել

15:55 • 15.12.16

Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել մայրաքաղաք Մոսկվայի Նամյոտկինի փողոցի վրա գտնվող բազմահարկ շենքում տեղադրված պայթուցիկը, հայտնում է РИА Новости-ն ` հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրին:


«Պայթուցիկ սարքը վնասազերծվել է շենքի 10-րդ հարկում: Ընդհանուր առմամբ, շենքից տարհանվել է 145 բնակիչ, նրանցից 19-ը` երեխաներ»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսկվայի տարածքում ծրագրված ահաբեկչությունների շարքը:


Ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ դիվերսիոն-ահաբեկչական խմբում ներգրավված են եղել Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ, որոնք ծրագրել էին մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել:


ԱԴԾ-ի ունեցած տվյալների համաձայն՝ գրոհայիններն ահաբեկչական հարձակումները նախապատրաստում էին ԻՊ-ի՝ Թուրքիայում գտնվող ղեկավարներից մեկի ուղիղ հրահանգով: