Միջպետական ճանապարհների մաքրված չլինելու պատճառով 16 վանաձորցի ուշացել է ինքնաթիռից, իսկ Մամիկոն Ասլանյանը մնացել է Գյումրիում
Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության առաջին չվերթի մեկնարկն ուղեկցվել է տհաճ միջադեպով. 16 ուղևորներ այսօր չեն կարողացել ինքնաթիռ բարձրանալ` «Շիրակ» օդանավակայան հասնելով ուշացումով` չմաքրված ճանապարհների պատճառով:
Ինչպես Tert.am–ին հայտնեց Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը 16 դոլարանոց չվերթի (ընկերության ակցիայով սրանք 7000 դրամանոց տոմսեր գնած ուղևորներն են) եկած են եղել Վանաձորից, և խոսքը ոչ թե Գյումրու քաղաքային փողոցների, այլ միջպետական նշանակության ճանապարհների մասին է: Իսկ սա նշանակում է, որ այս ճանապարհների մաքրման համար պատասխանատու են Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակայության տակ գտնվող ճանշինները:
«Նրանք եկել են Վանաձորից, խոսքը Գյումրու ճանապարհի մասին չի եղել, որ փակ է եղել, և որոշ ճանապարհահատվածներ փակ են եղել: Գլխավոր ճանապարհներով են իրենք եկել Գյումրի»,-Tert.am–ին հայտնեց Սոնա Առաքելյանը։
Նշենք, որ նույն պատճառով երեկ Գյումրիից Վանաձոր չի կարողացել հասնել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Ես էլ երեկ երեկոյան եկել եմ Գյումրի միջոցառման ու մնացել եմ Գյումրիում, ճանապարհը Ջաջուռի մոտ ամբողջությամբ բքի պատճառով փակ էր»,-Tert.am–ին հայտնեց Մամիկոն Ասլանյանը, ով Վանաձոր վերադառնում էր զրույցի պահին:
Կապի և Տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը այս կապակցությամբ Tert.am-ին հայտնեց.«Ընդհանուր առմամբ, կոնկրետ այս դեպքի վերաբերյալ համապատասխան մարդկանց կհայտնենք, հասկանանք` ինչն է պատճառը, բայց ընդհանուր առմամբ, ճանապարհները բոլոր տեղերում մաքրվում է, այդպիսի տեղ չկա, որ չմաքրվի: Այլ բան է, որ ինչ-որ տեղ բուք է լինում, որ մաքրելուց հետո նորից բերում, լցնում է ճանապարհի վրա: Մեկ այլ խնդիր է, որ ավտոմեքենաներն են լինում ամառային անվադողերով»:










