Ղարաբաղը դե ֆակտո, ինչ-որ տեղ դե յուրե, անկախ է, իսկ Բաքուն չի կարող համակերպվել այս ստատուս քվոյի հետ. Ալեքսանդր Սկակով
Պաշտոնական Բաքուն չի համակերպվում Լեռնային Ղարաբաղի ներկայիս ստատուս քվոյի հետ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանը, թե ԼՂ համակարտության կարգավորման հիմքը պետք է լինի ստատուս քվոյի փոփոխությունը:
Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը հիմա անկախ պետություն է, իսկ Բաքվի համար այս կարգավիճակն անընդունելի է:
«Բաքուն ուզում է փոխել ստատուս քվոն, որպեսզի գործընթացը սառեցված վիճակից դուրս գա: Ղարաբաղը դե ֆակտո, նաև ինչ-որ տեղ դե յուրե, անկախ է, իսկ ստաուս քվոյի փոփոխությունը նրանց հնարավորություն կտա կատարել քայլեր՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ընդգրկելու ուղությամբ»,- նշեց ռուսաստանցի քաղաքագետը:
Նշենք, որ Իլհամ Ալիևն այսօր Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում ստատուս քվոյի փոփոխությունն է:










