Գերմանիայում 12-ամյա երեխան կասկածվում է սուրբծննդյան տոնավաճառը պայթեցնելու փորձի համար

14:34 • 16.12.16

Ծագումով իրաքցի, Գերմանիայի 12-ամյա քաղաքացին փորձել է մեխերով լցոնված պայթուցիկ սարք պայթեցնել Գերմանիայի Ռեյնլանդ Պֆալց դաշնային հողի Լյուդվիգսհաֆեն քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում: Այս մասին հաղորդում է Focus պարբերականը` հղում անելով արդարադատության և իրավապահ մարմիններին:
 

Պարբերականի աղբյուրների տվյալներով` տղան «ծայրահեղ արմատական է», և նրան ենթադրաբար հավաքագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անհայտ անդամը:

Կայքը գրում է, որ դեկտեմբերի 5-ին պայթյունը տեղի չի ունեցել այն պատճառով, որ չի աշխատել ռումբի դետոնատորը: Երեխան ինքնաշեն ռումբը բերել է ուսապարկի մեջ դրած, իսկ այն պայթեցնելու անհաջող փորձից հետո ուսապարկը թաքցրել է քաղաքապետարանի մոտակայքում գտնվող թփերի մեջ, որտեղ այն գտել են անցորդներն ու ոստիկանություն կանչել:

Focus-ի տվյալներով` երեխան փորձել է ռումբը պայթեցնել դեռևս նոյեմբերի 26-ին:


Նշվում է, որ այժմ կասկածյալը գտնվում է ապաստարանում, և նրա դեմ հետաքննություն է իրականացվում «պետական անվտանգությանը սպառնացող ծանր հանցագործություն» հոդվածով: Հայտնի է, որ ավելի վաղ երեխան Սիրիա մեկնելու և իսլամիստների կողմից կռվելու ցանկություն է հայտնել: