Եթե միջազգային հանրությունը չի կարողանում օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը, գոնե պիտի չխանգարի. պատգամավոր (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ինչ-որ թղթի առկայությունը չէ, կողմերի միջև միմյանց հասկանալն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Ցանկացած հակամարտության կարգավորման ընթացքում կարևոր է չշեղվել տրամաբանական գծից: Կա մի բան, որը կայուն է, դա տրամաբանությունն է: Հնարավոր չէ ակնկալել քաղաքակիրթ բանակցություններ, արդյունք, երբ սահմաններում կրակում են: Եթե կա կամք՝ բանակցելու, խնդիր լուծելու, սահմաններում պիտի չկրակեն»,- ասաց Բեքարյանը:
Պատգամավորը շեշտեց, որ հնարավոր չէ խոսել, երկխոսել մյուս կողմի հետ, երբ պայմանավորվածությունները չեն կատարվում «քմահաճույքի պատճառով»:
«Հնարավոր չէ բանակցել ու ակնկալել փոխադարձ զիջումներ՝ տարածելով հայաֆոբիայի
հնարավոր դրսևորումները բոլոր մակարդակներով»,- մանրամասնեց Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա՝ միջազգային կառույցներն էլ եթե չեն կարողանում օգնել, գոնե չպիտի վնասեն:
«Ես նրանց ասել եմ, որ գիտեք, երբ ինչ-ինչ բանաձևեր եք քննարկում, երբ խրախուսվում են Ադրբեջանի քայլերը, պատասխանատու եք դառնում սահմաններում թափված արյան ու զոհերի համար: Միջազգային հանրության պատասխանատվությունը պետք է բարձր աստիճանի դառնա, նրանք պետք է հասցեական դառնան: Եթե տեսնում ես, որ դա դիմացինի կողմից շահարկվում ու շահագործվում է, իրերը պետք է կոչել իրենց անուններով, որ կանխվի այն, ինչ եղավ օրինակ ապրիլին»,- ընդգծեց Կարեն Բեքարյանը:










