«Դաշնակցությունում բոլորն են համեստ». Միքայել Մանուկյանն իր ու նոր դեմքերի՝ ՀՅԴ ցուցակում լինելու մասին

23:08 • 16.12.16

Շուրջ մեկ շաբաթ Facebook և այլ սոցիալական ցանցերում պտտվում էր Արևմտյան Հայաստանի «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կոչը, որտեղ մասնավորապես նշված էր. «Մինչև երբ պիտի շարունակուին այս անարդարութիւնները մեր կուսակցութեան մեջ…կը բաւէ լուռ մնանք և կոյրօրէն հետւինք այս կառավարման ձևին, որ մեր կուսակցութիւնը կը տանի դէպի անկում»:

Այսօր արդեն ֆեյսբուքյան այդ էջը փակ է:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին «Հայ Յեղափոխական Դաշնակցության» բյուրոյի նախաձեռնությամբ Փարիզում հավաք և ճաշկերույթ է եղել, որի ժամանակ ՀՅԴ-ն գումար է հավաքել «Հայ դատի աշխատանքների հզորացման ու աջակցության համար»: Մամուլում դա գնահատվել էր որպես ՀՅԴ նախընտրական ծախսերի դրամահավաք:

Tert.am-ը մի քանի հարց ուղղեց ՀՅԴ պատգամավոր, «Մեղեդի» սրճարանի սեփականատեր Միքայել Մանուկյանին:

-Պարոն Մանուկյան, ճի՞շտ է, որ տարաձայնություններ կան դրսի դաշնակցականների ու այստեղի ՀՅԴ-ականների միջև՝ կուսակցության կառավարման ձևի առթիվ:

-Ոչ մի տարաձայնություն չկա: Չեմ կարդացել, ու նման բան հնարավոր չի, որ լինի:

-Սակայն այդ առթիվ հայտարարություն կար:

-Չկա նման տարաձայնություն դաշնակցության մեջ, գոյություն չունի:

-Իսկ Դուք Փարիզի ճաշկերույթին մասնակցե՞լ եք:

-Այո: Այնտեղ խոսվել է Հայ դատի աշխատանքների մասին՝ ինչ է արվել, ինչ պիտի արվի և դրամահավաք է եղել:

-Նախընտրական հարցեր չե՞ն քննարկվել:

-Ոչ, իհարկե, դա լրիվ այլ ծրագիր է եղել:

-Իսկ Դաշնակցության նախընտրական ցուցակն արդեն հայտնի՞ է:

-Մոտավորապես՝ այո:

-Նոր դեմքեր կա՞ն:

-Կլինեն իհարկե: Ցանկը կհրապարակվի, կտեսնեք:

-Իսկ Դուք լինելո՞ւ եք այդ ցուցակում:

-Երևի թե:

-Կարծում եք՝ պետք է շարունակե՞ք Ձեր աշխատանքը խորհրդարանում, քանի որ բավական համեստ է Ձեր ներկայությունը ԱԺ-ում:

-Դաշնակցությունում բոլորն են համեստ:

-Սակայն Դուք ակտիվ չեք թե՛ օրենսդրական աշխատանքում, թե՛ ելույթների մասով:

-Ես այդպես չեմ մտածում, նորմալ գործունեություն եմ ծավալում ԱԺ-ում: Ելույթներով, կարող է, ակտիվ չեմ, բայց օրենսդրական նախաձեռնություններով ու հանձնաժողովներում ակտիվ եմ:

-Իսկ ի՞նչ օգուտ եք տվել հանրությանը ձեր պատգամավորական գործունեությամբ, որ ուզում եք շարունակել գործունեությունը ԱԺ-ում:

-Իմ գործունեությունը ընտրողները պետք է գնահատեն: Կարող եք իրենցից հետաքրքրվել:

-Տեղեկություն կա, որ Դաշնակցությունը հույս ուներ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինքով խորհրդարանական ընտրությունների գնալու, սակայն փաստորեն ՀՀԿ-ն հայտարարում է, որ դաշինքով չի մասնակցի ընտրություններին: Ի՞նչ հույսեր ունեք այս պարագայում:

-Ես էլ այդպիսի բանը բացառում եմ, ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք, մեզ էլ դա պետք չի: Բայց դաշինքներ հնարավոր է լինեն այլ ուժերի հետ: Ընտրական պրոցես է, դեռ առաջարկներ կստանանք:

-Հիմա բանակցո՞ւմ է Դաշնակցությունը որևէ ուժի հետ:

-Այս պահին՝ ոչ: Եթե առաջարկներ լինեն, կմտածենք, մեզ այս պահին առաջարկներ չեն եղել:

 

 

 

«Դաշնակցությունում բոլորն են համեստ». Միքայել Մանուկյանն իր ու նոր դեմքերի՝ ՀՅԴ ցուցակում լինելու մասին