Թրամփը խոստացել է արաբական միապետությունների հաշվին Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել

10:06 • 16.12.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Սիրիայում մարդասիրական անվտանգության գոտիներ ստեղծել ու ստիպել Պարսից ծոցի երկրներին վճարել դրա համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Երբ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում Սիրիայում, շատ եմ տխրում: Մենք պետք է օգնենք սիրիացի ժողովրդին»,- ասել է 70-ամյա հանրապետականը Հերշի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ՝ Սիրիայի համատեքստում հիշեցնելով նաև Պարսից ծոցի հարուստ պետությունների մասին:


«Ես նրանց կստիպեմ մեզ միջոցներ տրամադրել, որոնց հաշվին Սիրիայում անվտանգության գոտիներ կստեղծենք»,-նշել է նորընտիր նախագահը:


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «անհրաժեշտ է վերջ տալ ներկայում Սիրիայում կատարվող խենթությանը»:


Նշենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: