Լեհական Վրոցլավի փողոցները զարդարում են 350 թզուկների բրոնզե արձանիկները (լուսանկարներ)
Լեհաստանի Վրոցլավ քաղաքը համարվում է Եվրոպայում ամենագեղեցիկներից մեկը, որին պատմամշակութային հուշարձաններից զատ յուրահատուկ հմայք են հաղորդում նաև քաղաքի տարբեր անկյուններում կանգնեցված թզուկների բրոնզե արձանիկները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ըստ պաշտոնական տվյալների, ուշագրավ արձանիկների թիվը 163 է, սակայն իրականում այժմ Վրոցլավում տեղադրված է 350 արձանիկ:
Հետաքրքրական է, որ դրանք Վրոցլավում առաջին անգամ տեղադրվել են 2005թ. և կարճ ժամանակում սիրվել են թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների կողմից՝ դառնալով Վրոցլավի խորհրդանիշներից:
Հայտնի է, որ 1980-ականներին թզուկները հանդիսացել են «Նարնջագույն այլընտրանք» հակակոմունիստական շարժման խորհրդանիշը, որը շարժման անդամները գրաֆիտիների տեսքով պատկերում էին Վրոցլավի շինությունների պատերին:
Տարիներ անց իշխանությունները որոշել են թզուկներին «2-րդ կյանք» տալ ու քաղաքով մեկ տեղադրել դրանց բրոնզաձույլ արձանիկները:




















