Եթե Վրաստանը խողովակաշարի իր մասն աճուրդի հանի, Ռուսաստանը կգնի, ոչ թե ուրիշ երկիր. Վան Բայբուրդը SOCAR-ի ցանկությունների մասին
Վրաստանի նախկին նախագահի ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցով նախկին խորհրդական Վան Բայբուրդը, խոսելով վրացական իշխանությունների՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ վերջին տարաձայնությունների մասին՝ կապված Վրաստանով Հայաստան անցնող գազի վճարման հետ, ուշադրության հրավիրեց Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հայտարարության վրա, ըստ որի «Գազպրոմը» կրկին գազի տարանցման համար Վրաստանին առաջարկում է գումար վճարել։ Tert.am-ի հետ զրույցում Բայբուրդը նշեց, որ այդ տարաձայնությունները չեն նշանակում, թե Վրաստանը Հայաստան եկող գազի խողովակաշարի վրացական մասի 25 տոկոս բաժնեմասը ադրբեջանական «SOCAR» ընկերությանը կվաճառի:
«Վրաստանը մինչ օրս վերցնում էր գազի տարանցման 10 տոկոսը: Իրադրությունը Վրաստանը չի բարդացնում: Ես նկատում եմ, որ իրադրությունը բարդացնում է «Գազպրոմը»: Այդպիսի պրոբլեմ ստեղծվեց նաև անցած տարի»,- ասաց Վան Բայբուրդը՝ հիշատակելով, որ անցյալ տարվա վերջում էլ, երբ ստորագրվում էր Վրաստանով Հայաստան տարանցման պայմանագիրը, Ռուսաստանը նորից նույն ցանկությամբ էր հանդես գալիս՝ գումարով վճարել տարանցման համար:
Վան Բայբուրդի խոսքով՝ փորձագետները Ռուսաստանի այս պահվածքի հետ կապված իրենց ենթադրությունները կանեն: «Որոշ փորձագետներ ասում են, որ «Գազպրոմի» կապրիզը ինչ-որ բանի հետ է կապված, բայց չեն ասում, թե ինչ կապրիզ է»,- ասաց նա:
Բայբուրդը նշեց, որ չէր ցանկանա տպավորություն ստեղծել, թե ինքը հակառուսական տրամադրություններ է տարածում, բայց կապ է տեսնում նախորդ տարվա դեպքերի միջև․ մասնավորապես՝ հիշատակեց, որ այդ ժամանակ Վրաստանի՝ «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքելու ժամանակը համընկավ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ։ Հիմա, ըստ Վան Բայբուրդի, «Գազպրոմի» կապրիզներ ներկայացնելը համընկնում է Եվրամիության կողմից ընդունված Վրաստանի՝ վիզայի ռեժիմի չեղարկման որոշման հետ:
«Երբ Ռուսաստանը տեսնում է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, նման բաներ է անում: Չգիտեմ՝ համընկնո՞ւմ են իրադարձությունները, թե պատահական է։ Ես համարում եմ, որ ավելի շատ «Գազպրոմի» պահվածքն այդ իրադարձությունների հետ է կապված»,- ասաց Վան Բայբուրդը:
Նրա համաձայնեց դիտարկման հետ, որ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումից տուժում է Հայաստանը, և այդպես էլ չի կարողանում իր հարաբերությունները Վրաստանի հետ կառուցել այնպես, ինչպես ցանկանում է:
Բայբուրդի համոզմամբ՝ Ռուսաստանը չպետք է այնպես աներ, որ Հայաստանը տուժեր իր՝ Վրաստանի հետ հարաբերությունների պատճառով:
Նորից վերադառնալով «Գազպրոմի» հետ վրացական իշխանությունների հակասությանը, նախկին խորհրդականը նշեց, որ Վրաստանը, ի վերջո, իր շահերն է պաշտպանում, և բնական է, որ ինքը պետք է իր տարածքում թելադրողը լինի:
Այնուամենայնիվ, այս ամենը հաշվի առնելով, Վան Բայբուրդը կարծիք հայտնեց, որ դժվար թե Վրաստանը Հայաստան եկող գազի խողովակաշարի 20 տոկոսը վաճառի ադրբեջանական «SOCAR» ընկերությանը: «Եթե Վրաստանը դա աճուրդի հանի, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կգնի: Բայց, կարծում եմ, մոտ ապագայում՝ 15-25 տարվա ընթացում, Վրաստանն այդ գազամուղն աճուրդի չի հանի»,- ասաց նա:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ գնում, պատասխանեց.
«Երևի կրքեր բորբոքելու, ինչ-որ մեկնաբանություններ անելու համար: Եթե աճուրդի հանվի, Ռուսաստանն առավել մեծ շանս ունի այն գնելու, քան որևէ այլ երկիր, որովհետև ռուսական բիզնեսը Հայաստանում իր ուրույն տեղն ունի, մեծ գումարների հետ կապված ձեռնարկություններ են աշխատում»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում եղած մտահոգությունները՝ կապված ադրբեջանական ընկերության հետ, կան նաև Վրաստանում, և նրանք այդ հարցն արդեն օրակարգից հանում են:










