Հալեպն այժմ «դժոխք» բառի հոմանիշն է. Բան Կի Մունը խոստովանել է, որ ՄԱԿ-ը հուսախաբ է արել Սիրիայի ժողովրդին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այդ պաշտոնում իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ ՄԱԿ-ը հուսախաբ է արել Սիրիայի ժողովրդին սիրիական ճգնաժամի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հալեպն այժմ «դժոխք» բառի հոմանիշն է: Բոլորս հուսախաբ ենք արել Սիրիայի ժողովրդին»,- հայտարարել է Բան Կի Մունն ու հավելել, որ խաղաղությունը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ նրան ուղեկցեն սրտացավությունը, արդարությունն ու պատասխանատվությունը զզվելի հանցագործությունների համար:
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին սիրիական Կարմիր Մահիկի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ ավտոբուսներով և շտապօգնության մեքենաներով դուրս են բերվել Հալեպի տարածքից:
Երեկ Հալեպի արևելյան շրջաններից զինյալների դուրսբերման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր, երբ գրոհայինները, խախտելով պայմանավորվածությունը, փորձել էին գերի վերցնել մարդկանց:










