Հույս ունեմ, որ հայաստանցիներն այս տարի ամանորյա ծախսերի առումով վարքագիծ կփոխեն.տնտեսագետ

20:18 • 17.12.16

Արձանագրելով, որ 2016-ի ընթացքում հայաստանցիները  սպառողական շուկայում վարքագիծ են փոխել, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ակնկալում է, որ այս տարի առաջին անգամ մենք` հայաստանցիներս, նման վարքագիծ կցուցաբերենք նաև ամանորյա սեղաններ գցելիս` անցնելով ավելի խնայող ռեժիմի:

Tert.am -ի հետ զրույցում Աշոտ Խուրշուդյանը, մասնավորապես, ասաց.« Ոչ լիարժեք, բայց էական փոփոխություններ կան մարդկանց վարքագծում, համենայնդեպս, այն, որ վարկով տեխնիկա էին առնում սա պակասել է: Հավատացեք, որ ներմուծումը համարյա 2 անգամ պակասել է, մարդիկ էականորեն նվազեցրել են իրենց սպառողական ծախսերը: Մարդկանց վարքագծի փոփոխությանը գումարվեց այն, որ առևտրային բանկերը բարձրացրեցին տոկոսադրույքներ և դրսից ստացվող եկամուտները պակասեցին(նկատի ունի արտերկրից ստացվող տրանսֆերտների կրճատումը-Tert.am»:

Աշոտ Խուրշուդյանը հույս ունի, որ այս տարի ամանորյա ծախսերի առումով ևս առաջին անգամ վարքագիծ կփոխվի, իսկ  նման վարքագիծ դրսևորելու լավագույն ձևն  ըստ նրա` ամանորյա ծախսերի համար  հայտնի սուպերմարկետների կողմից առաջարկվող վարկավորումից չօգտվելն է:

«Ես, իհարկե կոչ չեմ կարող անել, բայց կարող եմ առաջարկել` թող վերցնեն թուղթ ու գրիչ, գրեն իրենց եկամուտը, այն ծախսը, որ ուզում են անել և վարկը, որ վերցնելու են` իսկական տոկոսով և տեսեք` ի վիճակի՞ եք դա անել: Այսինքն, որ մարդիկ մի քիչ ավելի հիմնավոր իրենց ֆինանսական որոշումները կայացնեն: Եթե մարդը չունի այդ եկամուտը, որ գցի այդ սեղանը, ապա վարկ վերցնելը ինչի՞ համար է: Այսինքն` մարդիկ թող որոշեն` այսօր լավ, վաղը վա՞տ, թե էսօր նորմալ, վաղը` նորմալ»,-հարցնում է Աշոտ Խուրշուդյանը:

Անցյալ ամանորից առաջ «Բարոմետր» սոցիոլոգիական հետազոտությունները կենտրոնը փորձել էր պարզել, թե նախորդ տարվա համեմատ ի՞նչ  են փոփոխություններ են կրել  երևանցիների տնային տնտեսությունների ամանորյա ծախսերը, հարցվող երևանցիների 14.8%-ը նշել էր, որ  ամանորյա ծախսերը նախորդ տարվա համեմատ ավելացել են, 45,4% -ն ասել էր,   ամանորյա ծախսերը գրեթե մնացել են նույնը, իսկ 39,8 %-ի ծախսերը նվազել էին:

Ուսումնասիրության հեղինակը,այս տվյալներին համադրել էր տպավորությունը, որ  նախատոնական օրերին  խոզի բուդը և ամանորյա սեղանը  այնքան էին գայթակղել մեր համաքաղաքացիներին, որ մոռանալով հունվար և փետրվար ամսվա կոմունալ վճարումների մասին, «թույլատրելի արագությամբ սլանում էին սուպերմարկետների միջանցքներով՝ հույս փայփայելով, որ գալիք տարին ավելի ուրախ ու հաղթական կլինի»:

Աշոտ Խուրշուդյանը կարծում է , որ եթե նման վարքագծի դրսևորումը պահպանվի, ապա սա շատ լավ է անդրադառնալու տնտեսության առողջացման վրա: