Լարսի ճանապարհը պետք է ձմռանը փակել, այն հինգ տարի անընդմեջ փակ էր, և դրա մասին ոչ ոք չէր հիշում. բեռնափոխադրող
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը կարծում է, որ և՛ ներկրման, և՛ արտահանման համար Լարսի անցակետը միակն ու լավագույնը չէ, ավելին, Գագիկ Աղաջանյանը այն համարում է ոչ առևտրային ճանապարհ:
Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Աղաջանյանն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը կարևոր է և՛ ներկրման, և՛ արտահաման համար, սակայն Լարսի ճանապարհը երբևէ չի համարվել առևտրային.«Այդ ճանապարհը երբեք չի եղել տնտեսական կապ ունեցող ճանապարհ տարածաշրջանի երկրների միջև, անգամ այդ մասին նրա անվանում է խոսում՝ ռազմավրացական ճանապարհ:Նախկինում կային այլընտրանքային ճանապարհներ Օսեթիայով, կար երկաթուղու տարբերակը և Լարսի անհրաժեշտությունը չէր էլ զգացվում»:
Աղաջանյանի խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին դեպի Լարս գնացել են այն մարդիկ ու զբոսաշրջիկները, ովքեր նախընտրել են էկզոտիկ տուրիզմը, սակայն հիմա այդ ճանապարհը հայկական կողմի համար համարվում է առևտրային ճանապարհ.«Այսօր, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մենք մնացել ենք Լարսի հույսին: Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ երկիր է Հայաստանը, առևտրաշրջանառությունն էլ ոչ թե պակասում է, այլ ավելանում է, իսկ դեպի Ռուսաստանի ճանպարհի կարիք ավելի շատ է զգացվում: Սակայն Լարսը լուծման տարբերակ չէ: Որքանով տեղեկացված եմ այս պահի դրությամբ մոտ 600 մեքենա է կուտակված ռուսական կողմում: Եթե նույնիսկ այս պահի դրությամբ ձյան տեղումները դադարեն և ճանապարհը բացվի, ապա միևնույն է, այդքան մեքենաների փաստաթղթերի ձևակերպման իրականացումը նույնիսկ նորմալ եղանակային պայմաններում կտևի 2-3 օր: Հետևաբար, մենք ինքներս ստեղծել ենք իրավիճակ, որը թակարդ է և միշտ ընկնում ենք այդ թակարդի մեջ»:
Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ օրինակ, Երևան-Մոսկվա բեռնբափոխադրումն արժե մոտավորապես 3000-3500 դոլար, Լարսով գնալու դեպքում գինը գոյանում է վառելիքի ծախսից, գործուղման ժամկետից, վարորդի աշխատավարձից և այլ գործոններից.«Հիմա, մենք առաջարկում ենք աշնան ավարտից սկսած հինգ ամսով հրաժարվել Լարսի ճանապարհից և բեռնափոխադրումն իրականացնել լաստանավերի միջոցով: Այդ առաջարկը ավտոբեռնափոխադրման տարբերակից թանկ է մոտավորապես 600 դոլարով, սակայն այս դեպքում չկա վարորդի կյանքի ռիսկը, բեռնափոխադրման, ավտոտրանսպորտային միջոցի ռիսկը և այլն: Ընդամենը 3 տարի առաջ Երևան-Մոսկվա բեռնափոխադրումը 5000 դոլար արժեր, հիմա 40 տոկոսով էժան է, այն ժամանակ մենք մրցունա՞կ էինք, հիմա մրցունակ չե՞նք:Այժմ 1500 դոլարի տարբերություն կա և գներն էժանացել են»:
Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ տպավորություն կա, թե Լարսով բեռնափոխադրումն ավելի էժան է, սակայն հաշվի առնելով ռիսկերն ու գումարելով այնտեղ վարորդի մնալու օրերի քանակը, համարյա լաստանավերի միջոցով բեռնափոխադրումների գումարին կհավասարվի:
«Եթե յուրաքանչյուր տարի կանոնակարգված Լարսի ճանապարհը նոյեմբերի 15-ից փակվի, ապա կմշակվեն հստակ խաղի կանոններ: Նշեմ, որ 5 տարի անընդմեջ Լարսի ճանապարհը փակ է եղել և դրա մասին ոչ ոք չի հիշել, առևտրաշրջանառությունն էլ իրականացվել է: Բոլորը գնում էին Փոթի, լաստանավերի քանակն էլ էր ավելացել, գներն էլ էին դարձել մատչելի,մենք էլ այդ գումարները վճարում էինք առանց ռիսկի տակ դնելու վարորդի կյանքը, բեռը, ժամանակը և այլն»:
Աղաջանյանի խոսքով՝ բացի խնդիրներից, հոգեբանական լարվածություն է ստեղծվում նաև հասարակության մոտ, երբ հաղորդվում է, որ Լարսի ճանապարհը փակ է.«Մարդկանց թվում է, թե Լարսը փակվում է և երկիրը կմնա սոված: Ձմռանը պետք է փակել Լարսի ճանապարհը, բեռնափոխադրումներ իրականացնել Փոթիից, իսկ ամռանը պետք է բացել Լարսը, որովհետև այդ սեզոնին արագ փչացող ապրանքներ կան և Լարսով այն կարելի է արագ տեղ հասցնել»:










