«Մեր խնդիրն ԱԺ-ում խոսափող ունենալը չէ, պետք է լինենք միջնորդ՝ ընդդիմության համախմբման համար». Ռազմիկ Պետրոսյան (տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարին հրավիրված էին նաև «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները։ Tert.am-ը Ռազմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքով ՀԱԿ–ի կամ այլ քաղաքական ուժերի հետ, քանի որ ավելի վաղ դաշինքի անդամները հայտարարել էին, որ կմասնակցեն ընտրություններին, և եթե չգտեն քաղաքական ուժ, որին կարող են միանալ, ապա իրենք առանձին կմասնակցեն։
Ազատամարտիկը նշեց, որ իրենք խորհրդարանում հայտնվելու խնդիր չունեն, դաշինք կազմելու ևս։ «Մենք որևէ քաղաքական ուժի հետ առանձին դաշինք կազմելու նպատակ չունենք, մեր առաքելությունը բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին համախմբելն է, բոլորս գիտենք առանձին-առանձին չեն կարող հասնել արմատական փոփոխությունների, իշխանափոխության, մենք ոչ միայն ՀԱԿ–ին, այլ բոլոր ընդդիմադիր ուժերին կաջակցենք, կփորձենք դառնալ միջնորդ, մեր խնդիրը պառլամենտում խոսափող ունենալը չէ, մեր խնդիրը երկրում արմատական փոփոխությունների հասնելն է»,- մանրամասնեց նա։
2015 թ-ին «Ազատամարտիկներ»-ի դաշինքը ակտիվորեն համագործակցում էր ԲՀԿ-ի հետ, սակայն Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո, դաշինքը ակտիվ համագործակցությունը դադարեցրեց ԲՀԿ–ի հետ։
«Երբեք որևէ քաղաքական ուժի հետ մեզ չեն կարող կապել, չմոռանանք նաև, որ այն ժամանակ երբ աջակցում էինք դաշինք կար՝ ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն և իզուր էր արմատական փոփոխություններ անելը»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով ՝ «Քաղաքացիական պայմանագիր»–«Լուսավոր Հայաստան»– «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին՝ Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ բոլոր միավորումները, որոնք միտված են իշխանափոխություն իրականացնելուն, ողջունելի են։
Մանրամասները՝տեսանյութում










