Մի շարք լրատվամիջոցների առաջարկել են 1 մլն եվրոյով գնել Միխայել Շումախերի լուսանկարները

21:42 • 17.12.16

Մի շարք լրատվամիջոցների առաջարկվել է 1 մլն եվրոյով գնել «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի լուսանկարները: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկաակոչելով Motorsport գերմանական պարբերականը:

Նշվում է, որ դատախազությունը հաստատել է մրցարշավորդի լուսանկարների վաճառքի փորձը: Նախկինում անհայտ անձինք արդեն փորձել էին որևէ տեղեկություն ստանալ կամ լուսանկարել մարզիկին: Մի անգամ ֆրանսիական Գրենոբլ քաղաքում լրագրողներից մեկը փորձել էր ներխուժել Շումախերի հիվանդասենյակ` հոգևականի տեսքով, իսկ 2014-ին գողացել էին նրա բժշկական քարտը:

Հիշեցնենք, որ գերմանացի չեմպիոնը լուրջ գանգուղեղային վնասվածք էր ստացել 2013-ի դեկտեմբերին՝ Ֆրանսիական ալպերում դահուկասահքի ժամանակ: 2014-ի սեպտեմբերից նա վերականգնողական կուրսեր է անցնում իր շվեյցարական վիլլայում: