Չեխիայի գլխավոր մայրուղու վրա տասնյակ բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ են վթարվել. կան զոհեր և ծանր վիրավորներ

15:16 • 18.12.16

Չեխիայում դադարեցվել է Պրահան Չեխիայի արևելյան շրջանների հետ կապող և դեպի Լեհաստանի հետ սահման գնացող թիվ մեկ միջազգային արագընթաց ավտոճանապարհով երթևեկությունը. գրում է ТАСС-ը: Մայրուղին արգելափակվել է մի քանի խոշոր ավտովթարների հետևանքով, որոնց մասնակից են դարձել տասնյակ բեռնատարներ և մարդատար ավտոմեքենաներ, կան զոհեր և ծանր վիրավորներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է փրկարարական ազգային ծառայության ներկայացուցիչ Յարոլավ Գաբրիելը:


Նա նշել է, որ պատահարների պատճառը մերկասառույցն է:


Ամենախոշոր վթարը տեղի է ունեցել Միրոշովիցե բնակավայրի մոտակայքում: Այդտեղ բախվել է 18 բեռնատար և մարդատար ավտոմեքենա, որոնց վարորդները կորցրել են ավտոմեքենաների վերահսկողությունը մերկասառույցի վրա: Ծանր վիրավորներին շտապ բժշկական օգնություն տրամադրելու համար ուղարկվել է ուղղաթիռ: Վթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ:


20 կիլոմետր արևելք՝ Չեշսկի-Շտերնբերկ քաղաքի մոտակայքում գտնվող ճանապարհի հատվածում բախվել է ևս երեք ավտոմեքենա: Առնվազն մեկ մարդ զոհվել է:


Բացի դրանից՝ միջազգային մայրուղու վրա գրանցվել է ևս մի քանի ավտովթար:


Ոստիկանությունը խորհուրդ է տվել վարորդներին լինել առավելապես զգույշ նախևառաջ Կենտրոնական Չեխիայում ճանապարհները պատած մերկասառույցի պատճառով: